22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Երկրորդ դարում, Ադրիանոս կայսեր (118-138թթ.) օրոք, Հռոմում ապրում էր Սոփիա (Սոփիա հունարեն նշանակում է իմաստություն) անունով բարեպաշտ մի կին, ազնվական ընտանիքից: Նա քրիստոնյա էր և իր անվան համապատասխան էլ ապրում էր խոհեմաբար, այն խորիմաստությամբ, որ գովաբանում էր Հակոբոս առաքյալը՝ ասելով. «Մինչդեռ երկնային իմաստություն ունեցող մարդը նախ մաքուր է լինում, ապա նաև խաղաղարար, ազնիվ, բարյացակամ, ողորմածությամբ և բարի գործերով արդյունավոր, անկողմնակալ և անկեղծ» (Հակոբոս 3:17): Սոփիան ուներ երեք դուստր, որոնց անունները քրիստոնեական էին և իմաստալից. Պիստիս (12տ.) նշանակում է հավատ, Ելպիսը (10տ.)՝ հույս և Ագապիսը (9տ.)՝ սեր: Սոփիան այրիանալուց հետո չի ամուսնանում, այլ իրեն ամբողջությամբ նվիրում է Աստծուն՝ շարունակելով ապրել բարեպաշտ կյանքով. գոհանում էր Աստծուց աղոթքով, պահքով և ողորմածությամբ: Եվ իր երեք դուստրերին էլ, քրիստոնեաբար դաստիարակելով, ջանում էր նրանց տեսնել քրիստոնեական առաքինություններով զարդարված: Սոփիան և իր երեք դուստրերը չէին թաքցնում իրենց հավատն առ Աստված և բոլորի առջև բացահայտ կերպով խոստովանում էին Քրիստոսին: Մայրը, տեսնելով իր դուստրերի իմաստությունը, փառավորում էր Աստծուն և աղոթում նրանց համար: Սուրբ աղջիկները, մեծ առաքինությամբ զարդարուն, իրենց մանուկ օրերն անց էին կացնում մարգարեական և առաքելական Գրքերի ընթերցմամբ` աշխատելով իրենց սրտերում պահել: Աղջիկներն աճում էին իմաստությամբ և Աստծու շնորհներով: Հաճախ մայրն իր երեք դուստրերի հետ գնում էր Հռոմ` եկեղեցական պաշտամունքին մասնակցելու: Անտիոքոս անունով մի հեթանոս երիտասարդ ցանկանում է ամուսնանալ նրա դուստրերից մեկի հետ: Սակայն մայրը մերժում է՝ ասելով. «Մենք քրիստոնյա ենք և կուսությունը ոսկուց ու մարգարիտից ավելի թանկարժեք է»: Երիտասարդը բողոքում է Ադրիանոս կայսերը և վերջինս իր մոտ է կանչում աղջիկներին՝ Պիստիսին, Ելպիսին և Ագապիսին: Հասկանալով, թե ինչու են իրենց տանում կայսեր մոտ, սուրբ կույսերն աղոթում էին Աստծուն, աղաչելով, որպեսզի Նա զորացնի և ուժ տա իրենց՝ դիմակայելու գալիք փորձություններին: Դիմում էին Երկնավոր Տիրոջը, Ով պատգամել էր չվախենալ նրանցից, ովքեր կարող են մարմինը սպանել, բայց հոգին սպանել չեն կարող (Մատթեոս 10:28): Երբ Սոֆիան իր դուստրերի հետ կանգնում է կայսեր առջև, բոլոր ներկաները զարմանում են նրանց հանգստության վրա. թվում էր, թե նրանք հրավիրված են տոնակատարության և ոչ թե՝ չարչարանքների: Նրանցից պահանջում են զոհ մատուցել կուռքերին: Առաքինի մայրը հորդորում է իր դուստրերին անսասան մնալ իրենց հավատքի մեջ: Երեք քույրերը, հավատքի մեջ մնալով անդրդվելի, իրար գերազանցում են նահատակության պատրաստակամությամբ: Նրանք մերժում են կայսեր հրամանը: Սուրբ Սոփիային ենթարկում են ավելի ծանր փորձության. նա ներկա է լինում իր սիրասուն դուստրերի չարչարանքներին և նահատակությանը: Բայց նա ցուցաբերում է արտասովոր քաջություն և ամբողջ ժամանակ հորդորում է իր աղջիկներին դիմանալ չարչարանքներին ու աղոթում է նրանց համար, որպեսզի հասնեն իրենց առջև դրված նպատակին: Աղջիկները մերժում են հրամանը կատարել, ուստի կայսեր հրամանով չարչարանքների են ենթարկվում և գլխատվում: Մայրը պատվով թաղում է իր զավակների մարմինները և երեք օր չի հեռանում նրանց գերեզմանների մոտից, ապա խնդրում է Աստծուց, որ իր հոգին էլ առնի, որպեսզի օր առաջ միանա իր սիրելի զավակներին. «Ի՛մ մարտիրոսված դուստրեր, ինձ համար բարեխոսեցեք Քրիստոսին, որ սիրեց ձեզ, և հավիտենության մեջ ինձ բնակակից ընդունեցեք ձեզ»: Նրա խնդրանքը կատարվում է և նա խաղաղությամբ իր հոգին ավանդում է Տիրոջ ձեռքը: Քրիստոնյաները նրա մարմինը թաղում են նույն գերեզմանում:
Կազմեց Գայանե Սուգիկյանը